Փետրվարի 17-ին Պրիզմա հետազոտական ընկերության տնօրեն Լիանա Պողոսյանը և հետազոտող Սոնյա Մսրյանը ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախաձեռնության շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն ուղղված էր «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի սոցիալական եւ առողջապահական պարտադիր խնդիրների իրականացման ուսումնասիրությանը ՀՀ 10 մարզերից ընտրված 30 թիրախային համայնքներում։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ՝ կատարվել է բովանդակային եւ տեղեկատվական ծավալուն աշխատանք: Առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ:
Հաշվի առնելով հետազոտության արդյունքները՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա փոփոխությունների օրենսդրական փաթեթով: Դրանց ընդունմամբ ավելի արդյունավետ կդառնա համայնքներում սոցիալական եւ առողջապահական խնդիրների լուծումը: