Հարցվածների 22%-ն աշխատում է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի. հետազոտություն

Պրիզմա հետազոտական կազմակերպությունն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և Հանրային լրագրության ակումբի հետ ԴԱՏԱ հաշվետու և թափանցիկ գործողություն ծրագրի շրջանակում իրականացնում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքի ոլորտում» ենթածրագիրը, որի նպատակն է փաստահեն տվյալների միջոցով աշխատանքային պայմանագրերի ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը և ներկայացումը որոշում կայացնողներին։

Պրիզմայի կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցված վարձու աշխատողների մոտ 69%-ն աշխատում է գրավոր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով, մինչդեռ 22%-ն աշխատում է առանց պայմանագրի։ Այս երևույթն առավել տարածված է շինարարության, գյուղատնտեսության, հյուրանոցային, ռեստորանային, հանրային սննդի ծառայությունների, ինչպես նաև մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում։ Պայմանագրերի բացակայությունը վարձատրվող աշխատանքի դեպքում առավել հաճախ է հանդիպում ամենաերիտասարդ (17-25) և ամենատարեց (66-75) անձանց մոտ, ինչպես նաև կրթական առավել ցածր մակարդակ ունեցողների շրջանում։ Պայմանագիր ունեցողների մոտ 27․2%-ը չունի պայմանագրի երկկողմանի ստորագրված, կնքված իր օրինակը։

Այս հետազոտության հետաքրքիր բացահայտումներից է նաև այն փաստը, որ չնայած հարցվողների միայն 8.6%-ն է նշել, որ աշխատավայրում երբևէ խախտվել է իրենց աշխատանքային իրավունքները, վերջիններիս միայն 9․4%-ն է (3 հոգի) քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Ավելին, հավանական խնդիրների առաջացման դեպքում, հարցման մասնակիցների մոտ 19%-ը նշել է, որ որևէ քայլ չի ձեռնարկի։

Հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սույն հետզոտությունն ու ծրագիրն իրականացվում են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: