«Պրիզմա» ՍՊԸ-ն «Վորլդ Վիժն Հայաստան»-ի պատվերով իրականացրել է աղետների ռիսկի նվազեցման կարիքների գնահատում Սյունիքի մարզում՝ Կապանի, Գորիսի և Սիսիանի համայնքներում։ Գնահատման նպատակն էր՝ մշակել համայնքների մասնակցությամբ աղետներին պատրաստվելու և սոցիալական պաշտպանության ծրագրեր, որոնք կարող են արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին։
Գնահատման համար օգտագործվել են մի քանի մեթոդների համադրություն. նախ՝ ուսումնասիրվել են համայնքների աղետների կառավարման պլանները, պետական քաղաքականությունները և տեխնիկական զեկույցները, որպեսզի պարզվի, թե ինչ վտանգներ և ռիսկեր կան, ինչպիսի սոցիալական պաշտպանության համակարգեր են գործում և ինչպես կարելի է դրանք ավելի արդյունավետ դարձնել։ Երկրորդ՝ անցկացվել են 16 խորը հարցազրույցներ նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, մարզային և համայնքային իշխանությունների, տեղական ինքնակառավարման, աղետների կառավարման խորհուրդների, սոցիալական աշխատողների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե որքանով են պատրաստ տարբեր կառույցները արձագանքելու արտակարգ իրավիճակներին։ Երրորդ՝ յուրաքանչյուր համայնքում կազմակերպվել են 9 խմբային քննարկումներ խոցելի խմբերի հետ՝ տղամարդկանց, կանանց, դեռահասների հետ, որպեսզի լսելի լինեն նաև նրանց անձնական փորձառությունները՝ թե ինչ վտանգների են բախվում և ինչպես են հաղթահարում դժվարությունները։ Ամբողջ հետազոտության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գենդերային, տարիքային, և մի շարք այլ գործոններին։ Տեղեկությունները ստուգվել են տարբեր աղբյուրներից՝ համոզվելու համար, որ արդյունքները իսկապես արտացոլում են խոցելի խմբերի իրական կարիքներն ու խնդիրները։