«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի միջանկյալ գնահատում

Client
Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն
Date
Օգոստոս 2024 - հունվար 2025
Services
Գնահատում

 

Պրիզման իրականացրել է «Հայաստանի թափոնների կառավարման քաղաքականություն» քառամյա ծրագրի միջանկյալ գնահատումը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից և ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից։ Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ ամրապնդելով երկրի կարողությունները թափոնների անվտանգ կառավարման քաղաքականություն իրականացնելու համար։

Այս միջանկյալ գնահատման նպատակն էր վերլուծել հաշվետու ժամանակահատվածում ծրագրի արդյունքների ուղղությամբ գրանցված առաջընթացը և առաջարկներ ներկայացնել ծրագրի իրականացման մեջ անհրաժեշտ փոփոխությունների և բարելավումների վերաբերյալ։

Գնահատման շրջանակը ՏՀԶԿ/ԶԱԿ (OECD/DAC) չափանիշների և շուկայական համակարգերի գնահատման (market systems evaluation) մոտեցումների համադրությամբ է մշակվել։ Գնահատման չափանիշներն էին արդիականությունը և համապատասխանությունը, արդյունավետությունը և ազդեցությունը (մասշտաբը և դիմակայունությունը), հնարավոր կայունությունը, արդյունարարությունը, ինչպես նաև ուսումնասիրվել են միջոլորտային թեմաները, քաղված դասերը և  ներկայացվել են առաջարկներ։

Գնահատման համար ընտրվել է տեսության վրա հիմնված մոտեցումը, որը հնարավորություն է տվել համապարփակ գնահատել ինչպես ծրագրի անմիջական արդյունքները, այնպես էլ դրա ներդրումը ավելի լայն համակարգային փոփոխություններում և այդ փոփոխություններից բխող հետագա ազդեցությունները։

Միջանկյալ գնահատումն իրականացվել է խառը մեթոդների մոտեցմամբ՝ կիրառելով որակական և քանակական մեթոդաբանություններ։ Առաջնային տվյալները հավաքվել են հետևյալ մեթոդների կիրառմամբ՝ հարցում (համապետական հարցում/ընտրանքի չափը 623, շահագրգիռ կողմերի հետ հարցում/ընտրանքի չափը 46), առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ (12 հարցազրույց ծրագրի փորձագետների, շահագրգիռ կողմերի, դոնորների ներկայացուցիչների հետ) և ֆոկուս խմբային քննարկում (մեկ ՖԽՔ ծրագրի թիմի հետ)։ Երկրորդային տվյալները հավաքվել են փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով։

Գնահատման արդյունքները և ծրագրի կատարողականն ու առաջընթացը առավել տեսանելի դարձնելու համար կիրառվել է RAG (Կարմիր-Դեղին-Կանաչ) մոտեցումը։